Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում: Այս մասին այսօր` Գյումրու թատերական հրապարակում շարժման առաջին հանրահավաքին հայտարարեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը։
Հանրահավաքին ելույթ ունեցան նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը, հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչները։ Նրանք կոչ արեցին մոբիլիզացվել, միավորվել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում, մասնակցել հանրաքվեին եւ «ոչ» ասել։
Հանրահավաքից հետո մեկնարկեց «Ոչ»–ի ճակատի երթը։ Մասնակիցները Սայաթ-Նովա փողոցով շարժվելու են Գյումրու Խաղաղության օղակ, ապա` Գյումրու կենտրոնական հարապարակ եւ կվերադառնան Թատերական հարապարակ, որտեղ էլ կավարտվի երթը:
Երթի մասնակիցները հնչեցնում են սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու կոչեր։ Երթը հսկում են ոստիկանները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու թատերական հրապարակում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը:
Գյումրիում են «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցությունը նույնպես հայտարարել է, որ մասնակցելու է այսօրվա հանրահավաքին:
2015թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած «Ոչ»-ի ճակատի առաջին համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրին միացել են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ԱԻՄ-ը, «Հայազնը», Հիմնադիր խորհրդարանը, «Արմատ» ՀԿ-ն, ՀՀ Քաղաքագետների միությունը, «Մարտի 1» ՀԿ-ն, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, այլ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ:
Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվել են նախագծի քննարկումները: Ըստ ԱԺ նախագահի՝ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչեւ աշնան վերջ:











