Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի երթը Գյումրիում այսօր` սեպտեմբերի 25–ին, ավարտվեց, միջադեպեր չեն գրանցվել։ NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ`երթի մասնակիցները անցան Գյումրիի կենտրոնական փոխոցներով` կրկին վերադառնալով Թատերական հարապարակ։
Երթի մասնակիցները հնչեցնում էին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու կոչեր։ Երթը հսկում էին ոստիկանները:
Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու թատերական հրապարակում կայացել է սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը:
Գյումրիում էին «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցությունը նույնպես հայտարարել էր, որ մասնակցելու է այսօրվա հանրահավաքին:
2015թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած «Ոչ»-ի ճակատի առաջին համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրին միացել են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ԱԻՄ-ը, «Հայազնը», Հիմնադիր խորհրդարանը, «Արմատ» ՀԿ-ն, ՀՀ Քաղաքագետների միությունը, «Մարտի 1» ՀԿ-ն, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն, «Ոչ թալանին» նախաձեռնությունը, այլ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ:
Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվել են նախագծի քննարկումները: Ըստ ԱԺ նախագահի՝ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչեւ աշնան վերջ:











