Օգոստոսի 25-ի առավոտյան Իրաքի տարբեր քաղաքներում որոտացած պայթյունների արդյունքում 41 մարդ մահացել է, ավելի քան 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Պայթյուններից մեկը որոտացել է Բաղդադում, երբ մահապարտի վարած ավտոմեքենան մխրճվել է ոստիկանական բաժանմունքի շենքի մեջ:
Զոհվել է 15 հոգի, այդ թվում՝ մի քանի ոստիկաններ: Բաղդադի եւս 150 բնակիչներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, պայթյունը վնասել է մերձակա տներից մի քանիսը:
Դրանից քիչ անց մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է մեքենան Էլ-Քութ քաղաքում: Ահաբեկչությանը զոհ են գնացել 26 մարդ, 87-ը վիրավորվել են:




























