Օգոստոսի 26-ին եւ 27-ին հանրապետության ողջ տարածքում եղանակը պայմանավորված կլինի ներզանգվածային անկայունությամբ. հատկապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեղեկություններ տրամադրեց «Հայպետհիդրոմետ»-ի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա դրա վրա մեծ ազդեցություն են ունեցել հյուսիս-արեւմուտքից թափանցած օդային ուժեղ հոսանքները, ինչով էլ պայմանավորված առաջիկա երկու օրերին հով եղանակը կպահպանվի»,- նշեց Գագիկ Սուրենյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում ցերեկային ժամերին սպասվում է մինչեւ +32 աստիճան տաքություն։ «Սկսած օգոստոսի 28-ից՝ ցիկլոնը հանրապետության տարածքից կհեռանա՝ իր տեղը զիջելով տաք օդային հոսանքներին, ինչով պայմանավորված, տեղումները հանրապետությունում կդադարեն եւ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով»,- ամփոփեց օթերեւութաբանը։