Օգոստոսի 25-ին, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ-ն հաջողություն է մաղթել Դեսալեյնին` նրա աստվածահաճո եւ մարդասիրական առաքելությանը: Կաթողիկոսը նաեւ գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի եւ Մայր Աթոռի միջեւ ձեւավորված համագործակցության համար, որի շնորհիվ համատեղ իրականացվել են բնապահպանական մի շարք ծրագրեր:

Մասնավոր անդրադարձ է կատարվել փախստականների խնդիրներին: Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել այն զորակցության համար, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցչությունը ցուցաբերում է փախստականների ընտանիքներին:

Նա նաեւ Դեսալեյնին է ներկայացրել Հայոց եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, ինչպես նաեւ Եկեղեցու ներկայիս բազմակողմ գործունեությունը սոցիալական ոլորտում: