Մալդիվյան կղզիների նախագահի կինը ՝ Ֆաթհմաթհ Իբրահիմը տուժել է պետության ղեկավարի մոտորանավակի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, գրումէ «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Maldives Independent հրատարակությունը:
Ինչպես հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը, նախագահ Աբդուլա Յամինի նավակի վրա պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի, երբ նավակն արդեն հասել էր պետության մայրաքաղաք ՝ Մալե, ճշգրտում է նախագահի ավագ օգնականը: Աբդուլա Յամինը Մալդիվներ էր վերադառնում Սաուդյան Արաբիայից՝ Մեքքայի ու նրա շրջակայքի սրբազան վայրեր կատարած ուխտագնացությունից՝ հաջից հետո:
Ինչպես հայտնել է նախագահական աշխատակազմի ղեկավար Մոհամեդ Հուսեյն Շարիֆը, նախագահի կինն ու նրա օգնականը թեթեւ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Սակայն նախագահի թիկնապահներից մեկը «ծանր վիճակում է»՝ չնայած վնասվածքները նրա կյանքին չեն սպառնում, նշել է Շարիֆը:
Նրա խոսքով, պայթյունի պատճառները դեռ պարզվում են: «Մենք դեռ չգիտենք, պայթյունը մեխանիկակա՞ն պատճառներով է տեղի է ունեցել, միտումնավո՞ր է կազմակերպվել, թե՞ որեւէ պայթուցիկ սարք է տեղադրված եղել»,- նշել է Շարիֆը:




























