Դիլիջանի ոստիկանության աշխատակիցները հաղորդում էին ստացել, որ օգոստոսի 20-ին ձախ կոնքոսկրի կոտրվածքով, պոչուկային շրջանի պատռված վերքով եւ արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել Հաղարծին գյուղի բնակիչ, 75-ամյա Վանիկ Բեգլարյանը: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու եւ նույն օրը, ժամը 14.30-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Վ. Բեգլարյանի թոռը` 29-ամյա Արսեն Բ.-ն, բացատրություն էր տվել, որ պապը վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, գյուղի հանդամասում հոն հավաքելու ժամանակ ժայռից վայր ընկնելու հետեւանքով:

Սակայն արդեն օգոստոսի 24-ին, ժամը 22.20-ին, ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արսեն Բ.-ն բերման է ենթարկվել եւ բացատրություն տվել, որ օգոստոսի 20-ին, ժամը 08.00-ի սահմաններում, գյուղի հանդամասում իր վարած «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան փոխանցման տուփի խափանման պատճառով կտրուկ հետ է գնացել, ինչի հետեւանքով Վ. Բեգլարյանը, գտնվելով ավտոմեքենայի թափքում, վայր է ընկել եւ վնասվածքներ ստացել:

Կատարվում է նախաքննություն: