Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին օրերս ստորագրված արձանագրությամբ` Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը` «անկախ այն հանգամանքից, թե որտեղից կբխի սպառնալիքը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, եթե մինչ այս ռուսական ռազմաբազան ապահովում էր  Հայաստանի անվտանգությունը միայն նախկին ԽՍՀՄ սահմանի երկայնքով, ապա հիմա բոլոր սահմաններն է ռուսական պաշտպանության ներքո:

«Պայմանագրի ներկա ձեւակերպումները պայմանավորված են ռազմական եւ ֆինանսատնտեսական պլանավորման ռազմավարական բնույթով, ռազմական ոլորտում երկարաժամկետ ներդրումային քաղաքականությամբ, Հայաստանի եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ հայ-ռուսական համատեղ պլանավորման շարունակականությամբ»,- ասել է Պնախարարը:


Հարցին, թե ստորագրված փաստաթուղթն արդյոք նշանակո՞ւմ է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը ռազմական աջակցություն ցույց կտա Հայաստանին` Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներին, ապա պետք է նշեմ, որ ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված Արցախի ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե որեւէ այլ երկիր: Միաժամանակ պետք է ասեմ հետեւյալը` այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր դաշնակցային եւ պայմանագրային պարտավորվածությունները»: