Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մեղավոր է համարում զորամասերի կրտսեր եւ ավագ հրամանատարական կազմին: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Իհարկե, ցավալի դեպքեր եղան Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մի քանի զորամասերում: Հիմնականում մենք կարծում ենք, որ մեղքն ընկած է տվյալ զորամասերի կրտսեր եւ ավագ հրամանատարական կազմի վրա, որտեղ դաստիարակչական աշխատանքները ոչ պատշաճ մակարդակի վրա են դրված: Եվ ամենակարեւորը` ցածր մակարդակի վրա էր վերահսկողությունը: Տեղի ունեցած դեպքերի հետաքննության եւ մեղավորների հետ տարված աշխատանքների ժամանակ մենք կրկին անգամ հավաստիացանք բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մեջ: Եվ մեր այսօրվա որդեգրած բարեփոխումները, կարծում եմ, կտան այն արդյունքները, որ մենք ենք ակնկալում, եւ նաեւ հասարակությունն է ակնկալում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի շարքը ընդհանուր առմամբ, խլեց 7 մարդու կյանք, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում: Հնչեցին Պնախարարի հրաժարականի եւ անգամ ինքնասպանության կոչեր: