«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) Հայաստանի 344 հեռավոր գյուղերի ապահովել է ինտերնետով։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց EIF ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, նախագիծը մեկնարկել է 2015թ. հունվարին, Համաշխարհային բանկի աջակցությամբ «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում։
ՀԲ միջոցներով WiFi մոդեմներ են դրվել յուրաքանչյուր գյուղի որեւէ հասարակական վայրում՝ դպրոցում, քաղաքապետարանում կամ մշակույթի տանը։ Ծրագրի համար ընտրվել են այս կամ այն ցուցանիշով սոցիալապես խոցելի համարվող գյուղերը՝ հեռավոր, բարձրադիր, սահմանամերձ կամ փոքր (մինչեւ 1000 մարդ բնակչությամբ)։ Մեկ մոդեմին միաժամանակ կարող է միանալ մինչեւ 25 մարդ։
ՀԲ աջակցությամբ ծրագիրը կտեւի մեկ տարի, որից հետո մոդեմները կտրամադրվեն համայնքներին։ Հաջորդ 2 տարում կապը պետք է ապահովեն տեղական ինքնակառավարման մարմինները։
Ըստ վերջին հարցումների՝ գյուղացիները հիմնականում այցելում են սոցիալական կայքեր, լրատվական կայքեր եւ օգտվում են տեսազանգերից, որոշ դեպքերում անգամ ինտերնետից տեսանյութեր են ներբեռնում։
Նշված 344 գյուղերում ծրագրի շրջանակում տեղադրված WiFi սարքերով միջին օգտագործած ինտերնետի ծավալը հուլիս ամսվա տվյալներով կազմել է 17,5 գիգաբայթ, բոլոր գյուղերի գումարային ծավալը՝ 6 տերաբայթ:
Սա մոտավորապես համադրելի է ոչ վաղ անցյալում մեկ նախարարության կամ բավականին մեծ գրասենյակի օգտագործած ինտերնետ ծավալին:




























