Վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ավելի են սերտացել եւ ակտիվացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը հատկապես կարեւորել է Հայաստանում սպանդանոցների կառուցումը, ինչը նպաստելու է ոչ միայն անվտանգ ու որակյալ մսամթերքի արտադրությանը, այլեւ դեպի հարեւան երկրներ արտահանման ծավալների ավելացմանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում երկկողմ ծրագրերին` նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնել մեծ հաջողությունների թե' Հայաստանի եւ թե' Իրանի գյուղատնտեսության ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Ռեիսին նշել է, որ մշտապես բարձր է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մտահոգությունն ու գործադրած ջանքերը ոլորտի զարգացման ուղղությամբ:
Նշելով, որ անդամակցությունը ԵՏՄ-ին լայն հնարավորություններ է բացում Հայաստանի առջեւ` դեսպանը վստահություն է հայտնել, որ հետագայում նոր հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղարտադրանքի ծավալները հանրապետությունում, այլ նաեւ ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ:
Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի հայ եւ իրանցի գործարարներին ծանոթանալ երկու երկրներում արտադրվող պարենային ապրանքատեսակներին եւ խթան կհանդիսանա երկկողմ կապերի աշխուժացման համար:
Զրույցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի պաշտոնակցին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը: Ի պատասխան դեսպանը տեղեկացրել է, որ Իրանի գյուղատնտեսության նախարարը առաջիկայում պլանավորել է այցելել Հայաստան` համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու եւ նախանշելու նպատակով:
Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցել գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության ամրապնդմանը, իսկ դեսպան Մոհամմադ Ռեիսիին մաղթել նորանոր հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք:




























