Գիտնականներին հաջողվել է պարզել, որ Մարսի հասարակածի վրա ժամանակ առ ժամանակ հեղուկ, սակայն շատ աղի ջրերից յուրօրինակ առվակներ են գոյանում, որոնք իրենց հետեւից խորհրդավոր մութ գծեր են թողնում։ Այս մասին ասված է Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
2011թ. Արիզոնայի համալսարանի աշխատակից Ալֆրեդ Մաքյուենն ու իր գործընկերները ուսումնասիրել էին MRO զոնդի HiRISE տեսախցիկով արված լուսանկարները, որոնցից մի քանիսում երեւում էին 0.5-5 մ լայնությամբ մութ գծեր։ Դրանք ամռանը հայտնվում են, իսկ Մարսի ձմռան պայմաններում՝ անհետանում։
Այն ժամանակ երկրաբանները կարծում էին, որ այդ գծերը կարող են շատ աղի ջրերի հոսքի հետքեր լինել։ Նման ջուրը մնում է հեղուկ վիճակում ամառային ջերմաստիճանում, որը Մարսի այդ հատվածում կազմում է -23 աստիճան Ցելսիուսից մինչեւ +26 աստիճան Ցելսիուս։ Գիտնականները ենթադրում էին, որ իրենք իրենցով այդ դիտարկումները չեն հաստատում այդ հիպոթեզը, բացի այդ, պարզ չէին այդ «հանքային առուների» աղբյուրները։
Իր նոր աշխատանքում, որը ՆԱՍԱ-ն կոչել է «Մարսի գաղտնիքի բացահայտում», Մաքյուենի խումբը ներկայացրել է առաջին ապացույցներն այն բանի, որ այդ աղի առվակներն ամեն դեպքում գոյություն ունեն։ Նա դա հաստատել էր CRISM սարքավորման միջոցով հավաքված տվյալներն ուսումնասիրելու արդյունքում։
Այդ գծերի եզրերն ուսումնասիրելով՝ գիտնականները բացահայտել են, որ դրանց ներսում եւ դրանցից անմիջապես ոչ հեռու մեծ թվով այսպես կոչված հիդրատացված աղեր կան, որոնք սովորական հանքային աղերի բյուրեղներ են ու պարունակում են ջրի մոլեկուլներ։ Նման նյութերի խտությունը այդ գծերի կենտրոնում առավելագույնս բարձր է եղել եւ աստիճանաբար նվազել է եզրերում։
Ամենակարեւորը, որ հիդրատացված աղերի գոյությունն ու չափաբաժինն անմիջականորեն կախված է տարվա եղանակից եւ այն հանգամանքից, թե ինչ տեսք են ունեցել այդ գծերը։
Դեռեւս գիտնականները չգիտեն, թե որտեղից են առաջանում այդ մութ գծերն ու հիդրատացված աղերը ձեւավորող ջուրը։ Դրա աղբյուրը կարող էր լինել Մարսի մակերեւույթի տակ թաքնված սառույցը, սակայն գիտնականները կասկածում են, որ Կարմիր մոլորակի հասարակածին այդքան մոտ կարող են սառեցված ջրի նշանակալի քանակությամբ պաշարներ թաքնված լինել։
Ամեն դեպքում, Մարսի խորհրդավոր մութ գծերում հիդրատացված աղերի բացահայտումը թույլ է տալիս ավելի վստահորեն ասել, որ դրանք ամենայն հավանականությամբ շատ աղի ջրերի առուների հետքեր են, որոնք հեղուկ վիճակում են մնում հենց այդ աղերի շնորհիվ։ Հիմա Մարսի վրա հեղուկ ջրի գոյության գաղափարն այլեւս այդքան երեւակայական չի թվում, կարծում են գիտնականները։





























