WikiLeaks-ի կայքում Կենտրոնական հետախուզական վարչության եւս մեկ փաստաթուղթ է հրապարակվել՝ թվագրված 2010թ. փետրվարի 5-ով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայքը 77 հազար գաղտնազերծված փաստաթղթեր էր հրապարակել Աֆղանստանում ամերիկյան զինվորականների գործողությունների մասին, եւ խոստացել էր եւս 15 հազար փաստաթուղթ հրապարակել:

2,5 էջանոց նոր փաստաթուղթը կոչվում է «ԿՀՎ-ի հատուկ թերթիկ այն մասին, թե ինչ կլինի, եթե օտարերկրացիները սկսեն Միացյալ Նահանգները համարել ահաբեկչություն արտահանող»:

Փաստաթղթի վրա գրված է «գաղտնի, ոչ օտարերկրացիների համար», սակայն սիրոական մակարդակի տպավորություն է թողնում:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը, սակայն ասել է, թե կայքի սեփականատերերը չէին հաղորդել ամերիկյան իշխանություններին փաստաթուղթը հրապարակելու ցանկության մասին: «Իրականում այդ փաստաթուղթը ռումբ չէ»,- ասել է Թոները:

Նշենք, որ առաջին սկանդալից հետո շվեդական դատախազությունը գործ էր հարուցել կայքի սեփականատեր Ջուլիան Էսսենջի նկատմամբ՝ 2 կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների համար, սակայն հաջորդ օրը մեղադրանքը հանվել էր:

 

(Լուսանկարը  - AFP)