Սաուդյան Արաբիայի Մինա հովտում հրմշտոցի հետեւանքով զոհված իրանցի ուխտագնացների թիվը հասել է 239-ի: Նման տվյալներ է ներկայացնում Խաջի ու ուխտագնացության հարցերով իրանական պետական կազմակերպությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Իրանցի զոհված ուխտագնացների թիվը հասել է 239-ի, հիվանդանոցներում են մնում 14 իրանցիներ, 241 իրանցի առայսօր համարվում է անհետ կորած.,- մեջբերում է IRNA գործակալությունը Խաջի ու ուխտագնացության հարցերով կազմակերպության ղեկավար Սաիդ Օհադիի խոսքերը:

Ինչպես ակնկալվում էր, երեքշաբթի 130 զոհվածների դիերը պետք է որ Իրան տեղափոխվեին:

Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Իրանի մայրաքաղաք է վերադարձել Նյու յորքից, ընդհատելով իր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70 -րդ նստաշրջանին ու հետաձգելով պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ նախապես ծրագրված մի շարք հանդիպումներ:

Երեքշաբթի նաեւ փակվել են թեհրանյան Մեծ բազարի բոլոր խանութներն ու կրպակները, իսկ դրանք հազարավոր առեւտրային կետեր են ու պահեստներ: Դրանց տերերը մեկ օրով ընդհատել են իրենց առեւտուրը ՝ որպես բողոքի նշան «Սաուդյան Արաբիայում խաջի ժամանակ համապատասխան վերահսկողության բացակայության ու ոչ կոմպետենտության դեմ, ինչի հետեւանքով բազմաթիվ ուխտագնացներ են զոհվել Մեքքայի մոտակայքում՝ Մինա հովտում երթի ժամանակ»,- ասված է IRNA-ի հաղորդագրության մեջ:

Վերջին տվյալների համաձայն, սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում Մեքքայի մոտ՝ Մինա հովտում դեպի իսլամի սրբազան վայրեր կազմակերպված ուխագնացության մասնակիցների շրջանում ծագած հրմշտոցի հետեւանքով 769 մարդ է զոհվել, եւս 934-ն էլ տուժել են: