Այսօր` օգոստոսի 26-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանային համալիրում: Հրդեհվել է երկրորդ հարկը:
Բարեբախտաբար տուժածներ չկան: Հրդեհի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայության երկու մեքենա, այս պահի դրությամբ հրշեջները հրդեհն ամբողջովին մարել են:
Դեպքի վայրում են Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Այս պահին Թումանյան փողոցը Տերյանի խաչմերուկից մինչեւ «Հին Էրիվան» փակ է:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը առայժմ տեղյակ չէ, թե որն է հրդեհի պատճառը: Նախնական վարկածով, ըստ հրշեջների, հրդեհի բռնկման պատճառը հնարավոր է, էլեկտրալարերի պատճառով եղած լինի:
Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























