«Առավոտ» թերթը դիմել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով մեկնաբանել այն լուրերը, որ նա «Գեղամա» ռեստորանի սեփականատերն է: Հիշեցնենք, որ վերջերս այս ռեստորանում գրանցվել է զանգվածային թունավորման դեպք, որի արդյունքում մի քանի տասնյակ մարդ տարվել է հիվանդանոց:

Վլադիմիր Գասպարյանը ի պատասխան ասել է. «Չգիտեմ, թե ում հիվանդ երեւակայության արդյունքում է ինձ վերագրվել ինչ-որ ռեստորանի սեփականատիրոջ «տիտղոսը»: Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Գեղամա» ռեստորանի հետ ես որեւէ առնչություն չունեմ: Եւ, ընդհանրապես, մարդկային իմ տեսակը չի կարող սննդի օբյեկտ ղեկավարել, մատուցողների եւ խոհարարների հրահանգավորել: Ես բիզնեսմեն չեմ եւ չէի էլ կարող ինձ թույլ տալ Ռազմական ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնը համատեղել ռեստորանի տիրոջ կարգավիճակի հետ»: