Հենց այս պահին Երեւանի քաղապետարանի առջեւ հավաքվել են Երեւանի Կոմիտաս 5ա, Կոմիտաս 3, Կոմիտաս 7 եւ 7/1 շենքի բնակիչները։ Նրանք պատրաստվում են  բողոքի ցույց անցկացնել քաղաքապետարանի դիմաց: Բնակիչները բողոքում են իրենց բակի ծառերը կտրելու եւ այնտեղ էլեկտրական ենթակայան կառուցելու դեմ։

«Պահանջելու ենք  քաղաքապետի հետ հանդիպում։ Թող քաղաքապետն անձամբ գա Կոմիտաս 5ա շենք, տեսնի ու հասկանա, թե արդյոք հնարավո՞ր է այդտեղ բարձրահարկ շենք կառուցել։ Թղթի վրա ամեն ինչ հնարավոր է, բայց մարդու աչքը որ տեսնի, կհասկանա, ու հնարավոր չէ այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցել»- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոմիտաս 5ա շենքի բնակչուհին։ Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում արդեն կտրվել են մի քանի փոքր ծառեր ու սկսվել են բարձր լարման էլեկետրակայանի տեղափոխման աշխատանքները։

Հիշեցնենք, որ այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանը պարզաբանում էր ներկայացրել, որտեղ նշվում էր. «Երեւանի քաղաքապետի 25.11.2005թ. որոշմամբ «Լիբեր» ՍՊ ընկերությանը թույլատրվել է Կոմիտասի պող. հ.5 հասցեում «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲ ընկերության տարածքից առանձնացված հատվածում կառուցել բազմաբնակարան բնակելի շենք։ Նույն որոշմամբ, «Լիբեր» ՍՊ ընկերությանը պարտավորեցվել է տարածքում գտնվող քարշի հին ենթակայանի փոխարեն կառուցել նոր, տեխնիկապես առավել արդիական քարշի ենթակայան։

Վերը նշված հասցեով հողատարածքը առանձնացված եւ պարսպապատված է, այն երբեւիցե որպես որեւէ բնակելի շենքի բակային տարածք կամ այգի չի ծառայել, այլ եղել է «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲ ընկերության տարածքը։

Այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից բազմաբնակարան բնակելի շենքի եւ քարշի ենթակայանի կառուցման համար տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցվել է նախագիծ եւ տրամադրվել է շինարարության թույլտվություն»։