Արդյունաբերությունը Հայաստանում պետք է գերակա ոլորտի կարգավիճակ ստանա եւ աշխատի արտահանման վրա: Այդ մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ շեշտը պետք է դնել պատրաստի ապրանքի, այլ ոչ հումքի արտահանան վրա:

Նրա խոսքով, այսօր տարեկան Հայաստան է ներկրվում 500 մլն դոլարի սննդամթերք, սակայն դրանց զգալի մասը Հայաստանը կարող է ինքն արտադրել: Հայաստանում շեշտը դրվում է ներմուծման վրա, փոխանակ աջակցեն տեղական արտադրողին:

«Հայաստանում իրավական դրույթ կա, որը պահանջում է, որ ներմուծողը չի կարող ներմուծել այս կամ այն ապրանքի 33 տոկոսից ավելին, սակայն դա քչերն են պահպանում: Ահա «Ալեքս Գրիգը»: Այդ ընկերությունը ներմուծում է շաքարավազի 95 տոկոսը»,- նկատեց փորձագետը:

Սաֆարյանը կարծում է, որ առաջին հերթին պետք է միջամտի կառավարությունը, սակայն վերջինս աշխատում է նվազագույն միջամտություն ունենալ եւ ամեն ինչ բարձիթողի է մատնում:

«Մարտ ամսից չի աշխատում «Նաիրիտը», որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի կառավարությանը, կանգնած է պեռլիտի գործարանն Արագածում եւ նման օրինակները շատ են»,- նկատեց  Սաֆարյանը: Նա նշեց, որ դրամի գինն արհեստականորեն պահելու փոխարեն պետք է դոլարը պահել 450-500 դրամի սահմաններում, որպեսզի արտահանողն իրեն ավելի ազատ զգա: