Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Պապ եւ Պատրիարք Նորին Ամենապատվություն Թեոդորոս Բ-ի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված ապրիլյան միջոցառումներին, կարեւոր ուղերձ էր համայն աշխարհին: Այս մասին, հոկտեմբերի 1-ին Թեոդորոս Բ-ի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել, որ Քույր Եկեղեցիների հոգեւոր պետերը եւ ներկայացուցիչները, ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին, Սրբալույս Մյուռոնի օրհնության առիթով ժամանել են Հայաստան` աղոթակից լինելու Հայ Եկեղեցուն եւ կիսելու հայ ժողովրդի ուրախությունը:
Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարում Քրիստոնեական Եկեղեցիների մասնակցությանը ապրիլյան միջոցառումներին, ընդգծել է, որ այդ ներկայությունը կարեւոր ուղերձ էր համայն աշխարհին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ մարդկության կյանքում նմանօրինակ ոճիրները կանխելու առումով: «Կարեւորում ենք այս տեսակ զորակցությունը, որով զորանում են նաեւ փոխադարձ կապերը Եկեղեցիների միջեւ», - ասել է վեհափառ հայրապետը:
Վերջում Նորին սրբությունը մաղթել է, որ Ամենակալ Աստված հանապազ օրհնի եւ խաղաղ ու անվրդով պահի Իր Սուրբ Եկեղեցին:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:





























