Հայաստանում կան երեխաներ, որոնց ծնունդը չի գրանցվում, այսօր՝ օգոստոսի 26-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։

Փոխվարչապետը նման հայտարարություն արեց թրաֆիկինգի դեմ պայքարի եռամյա ծրագրի ներկայացման ժամանակ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի զարմացական հարցին, թե ինչո՞ւ երեխաներին չեն գրանցում, չէ՞ որ դա սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորություն է ընձեռում, Ա. Գեւորգյանը մի քանի պատճառ նշեց։ Նախ, ծնողների սոցիալական կարգավիճակը՝ այն մարդիկ, որոնք փաստաթղթեր չունեն կամ դրանք կարգին վիճակում չեն, երեխաներին որպես կանոն չեն գրանցում։ Երկրորդ, ըստ փոխվարչապետի, պետական մարմինները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում։

«Երեխաներին չգրանցելն այսօր աչքին սովոր երեւույթ է»,- հայտարարեց Ա. Գեւորգյանը։ Օրինակ, դպրոցներում ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքի վրա, որ առաջին դասարանցին հնարավոր է՝ ծննդական չունի։ Նման դեպքերում, ըստ Ա. Գեւորգյանի, հարկավոր է համապատասխան մարմիններին տեղյակ պահել, սակայն երեխաներին չզրկել կրթություն ստանալու իրավունքից։