Հայաստանի կառավարության օգոստոսի 26-ի նիստն, արդեն ավանդույթի համաձայն սկսվեց կառավարության շենքի առջեւ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարների ուղեկցությամբ։ Դրանք կառավարության «մշտական» հյուրերն են՝ բանակում սպանված զինվորների ծնողները, որոնք արդար հետաքննություն են պահանջում, 1994 թ. փակված «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները, որ պահանջում են իրենց ավանդների վերադարձը, ինչպես նաեւ 2001 թ. Իրանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների հարազատները, որ կերակրողին կորցնելու համար փոխհատուցում են պահանջում։ Հատկապես ակտիվ էին խաբված ավանդատուները, որոնց մի խումբ հիմնականում տարիքն առած կանայք, հենց կառավարության մուտքի մոտ դիմավորում ու տարբեր բացականչություններով ուղեկցում էին նիստի շտապող կառավարության անդամներին։ Հատկապես ակտիվ էր կանանցից մեկը, որ ժամանակ առ ժամանակ բացականչում էր «թաղեմ ձեզ», իսկ որոշ նախարարների անցնելիս նրանց բնորոշում էր՝ « էս ինչ էլ լավ գելեր են» ու նմանատիպ արտահայտություններով, այդպիսով ընդգծելով իր թշվառությունը նախարարների կոկիկ հագնվածքի համեմատ։ Նույնիսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանի միջամտությունը արդյունք չտվեց՝ կանայք շարունակեցին «թաղել» կառավարությանը։