Ամերիկյան ու անգլիական մի քանի համալսարանների տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով մասնագետների ու հոգեբանների մի խումբ՝ Microsoft Research-ի հետ համատեղ, սովորել է գուշակել Twitter-ի բրիտանացի օգտատերերի տարեկան եկամուտը՝ նրանց թվիթների թեմաներով ու բովանդակությունով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS ONE ամսագրում:
Գիտնականները մշակել են գրավոր խոսքի մշակման հատուկ ալգորիթմ, որի օգնությամբ հետազոտել են 5191 Twitter աքաունթից եւ ավելի քան 10 մլն թվիթներից կազմված տվյալների բազան, հայտնում է Gazeta-ն:
Պարզվել է, որ որքան բարձր է Twitter աքաունթի տիրոջ տարեկան եկամուտը, այդքան շատ է նա իր թվիթներում վախի ու բարկության զգացմունքներ արտահայտում: Լավատեսական թվիթները, հակառակը, բնորոշ են ցածր եկամուտներով մարդկանց: Բացի դրանից փոքր եկամուտ ունեցողները ավելի հակված են Twitter -ում վիճաբանություններ ծավալելուն ու իրենց կրոնական հայացքները բացահայտ արտահայտելուն: Իսկ ավելի հարուստ մարդիկ ավելի հաճախ են քննարկում քաղաքականությունն ու կորպորատիվ նորությունները:
Այսպիսով, ավելի մեծ եկամուտների տեր մարդիկ հակված են Twitter-ն օգտագործել նորություններին արագ արձագանքելու ու գործնական հարցերը քննարկելու համար, իսկ աշխատավոր դասակարգի ներկայացուցիչները Twitter -ն օգտագործոմ են ամենօրյա շփումների համար:




























