Հայկական «Locator» ընկերությունը լուսացույցների հեռակառավարման համակարգ է մշակել։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը, համակարգի ցուցադրական տարբերակն արդեն գործում է Երեւանի Արաբկիր համայնքում։
«Մենք Ճանապարհային ոստիկանության համար ստեղծել ենք ծրագիրը եւ կառավարման վահանակը։ Եթե ոստիկանությունը գոհ մնա, նման համակարգ կպատվիրի քաղաքի նաեւ այլ շրջանների համար։ Մեր համակարգը, որը, իմիջիայլոց, արտասահմանյան նմանատիպ համակարգերից ավելի էժան է, հնարավորություն է տալիս հետեւելու լուսացույցների վիճակին եւ մեկ կենտրոնից կառավարելու դրանք, օրինակ՝ եթե լույսերի տեւողությունը փոփոխելու անհրաժեշտություն կա»,-պարզաբանել է Գրիգորյանը։ Ապագայում ընկերությունը նախատեսում է լուսացույցների ադապտիվ գրաֆիկ մշակել, որը հնարավորություն կտա փոփոխել ազդանշանների տեւողությունը, ստուգել շարժման խտությունը (օրինակ՝ կուտակումների դեպքում ավելի երկար պահելու համար կանաչ գույնը)։




























