Սերժ Սարգսյանը որոշել է պահպանել իր իշխանությունը՝ քանդելով կիսանախագահական համակարգը: Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկած Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական ուժերից ձեւավորված «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: (ֆոտոռեպորտաժ)
Նրա խոսքով՝ այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են մարդիկ դավաճանում իրենց սկզբունքներին, եւ գնում նախագահի նստավայր` քննարկելու սահմանադրական փոփոխությունները եւ «լուսանկարվելու, որպեսզի կառավարությունում տեղ ունենան»:
«Այդ ցանկությունը թույլ է տալիս դավաճանել: Այս պահին Հայաստանին ցնցումներ պետք չեն, քանի որ դրանք կարող են օգնել մեր հակառակորդին: Մենք ասում ենք՝ իշխանություն, խելքդ գլուխդ հավաքիր եւ երկիրը մի տար քյալագյոզության: Մենք կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չունենք»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը, հիշեցնելով, որ մի քանի օրից խորհրդարանում քվեարկության է դրվելու նոր Սահմանադրությունը, հայտարարեց, որ միայն ժողովրդի միասնականության շնորհիվ է հնարավոր կասեցնել «այս ավանտյուրան»։
«Ոչ թե Ազգային ժողով է, այլ բիզնես ֆորում, նրանց համար քծնանքն ապրելու միջոց է, ո՞վ է սրա դեմն առնելու. մենք, որովհետեւ այս ավանտյուրան վնասելու է Հայաստանի արտաքին վարկին, քայքայելու է Հայաստանի անվտանգությունը: Իշխանություններն ունեն տեսակի պահպանման խնդիր. Արմենչիկով, Լֆիկով, դհոլներով փորձում են իրենց տեսակը պահպանել»:
Վերջում Արամ Մանուկյանը սփյուռքահայերին եւս հորդորեց օգնել եւ կանգնեցնել այս գործընթացը:
Նշենք, որ «Չեք անցկացնի»-ին միացած քաղաքական ուժերի առաջնորդները հիմնականում Ազատության հրապարակում չեն. ՀԺԿ-ից ներկա է Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից` խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, իսկ «Ժառանգությունից»` կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:
Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:











