Ադրբեջանի նախաձեռնությունը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի օրակարգ ընդգրկել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, վկայում է ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից հանելու այդ երկրի մտադրության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 9-ին քվեարկվելիք բանաձեւը:
Մանոյանի խոսքով, Ադրբեջանը հրաշալի գիտակցում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր առաջարկներում հիմնվում է այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում: Հենց այդ պատճառով էլ Բաքուն փորձում է գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից, հստակեցրել է Մանոյանը:
Նա ընդգծել է, թե ՄԱԿ ԳԱ-ում տվյալ բանաձեւի ընդունումը կարող է ռազմական գործողությունների վերսկսում հրահրել, քանի որ Ադրբեջանը կարող է այդ բանաձեւը գնահատել, որպես իր գործողությունների խարխուսում: Մանոյանը նշել է, թե բանաձեւը ընդունելիս ամեն երկիր առաջնորդվելու է իր շահերով:
Նշենք, որ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծում, որը ներկայացվելու է սեպտեմբերի 9-ին, մասնավորապես խոսք է գնում «ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդագրական պատկերի փոփոխության անթույլատրելիության, փախստականների վերադարձման անհրաժեշտության եւ դրա համար համապատասխան պայմանների ստեղծման, մշակույթի հուշարձանների եւ սրբավայրերի ոչնչացման անթույլատրելիության մասին»:



























