Վանաձորից սկսնակ ծրագրավորողները ցանկանում են փորձել ծրագրային լուծում մծակել Vallex հանքարդյունաբերական ընկերության համար: Երեւանում անցկացվող DigiTec ցուցահանդեսի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (VTC) ուսումնական ծրագրերի համակարգող Նելսոն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Vallex-ին պատկանող Թեղուտի հանքավայրն ու Ալավերդու պղնձաձուլական գործարանը Լոռու մարզի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններն են:

Ծրագրավորմա դասընթացներից բացի, կենտրոնը նաեւ թիմեր է հավաքում, որոնց պրակտիկ խնդիրներ է առաջադրում:

«Vallex-ը հետաքրքրված է իր արտադրության ավտոմատացմամբ: Մեր աջակցությամբ ձեւավորված թիմերն արդեն քննարկումներ են անցկացնում Vallex-ի հետ: Պայմանավորվածություն դեռեւս չկա, բայց մենք ցանկանում ենք մեր աշակերտներին այնքան զարգացնել, որպեսզի նրանք կարողանան աշխատել խոշոր ձեռնարկությունների հետ»,- հայտարարեց Մանուկյանը:

DigiTec ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE):

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) նախագիծն է: