Օգոստոսի 26-ին Հայաստանի եւ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) միջեւ նախաստորագրվել է «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» ֆինանսավորման մասին համաձայնագիրը: ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի 13.48 մլն դոլար փոխառություն եւ 500 հազար դոլար դրամաշնորհ` Հայաստանի գյուղական տարածքներում աղքատության կրճատմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Համաձայնագիրը նախաստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի Հայաստանի ծրագրերի ղեկավար Հենինգ Պեդերսենը:
Ծրագրի առաջին բաղադրիչը ներառում է «Հայկական միրգ» ԲԲԸ հիմնումով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով պտղի եւ ընկուզեղենի արդյունավետ արտադրության կազմակերպումը: Այգեգործական ներդրումները նախատեսվում է իրականացնել Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում:
Երկրորդ` Գյուղական ենթակառուցվածքներ բաղադրիչի օժանդակությամբ ներդրումներ կկատարվեն գազամատակարարում, ջրարբիացում, գյուղական ճանապարհներ ենթակառուցվածքներում: Այս բաղադրիչն ընդգրկելու է հանրապետության յոթ մարզերը (Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արմավիր, Լոռի եւ Շիրակ):
Փոխառության տրամադրման պայմաններն են` տարեկան 0.75 տոկոս հաստատագրված ծառայավճար, 20 տարվա մարման ժամկետ, որից 10 տարին` արտոնյալ:
Ծրագրի իրականացումը նախատեսվում է սկսել 2011 թվականին եւ ավարտին հասցնել 2016-ին:




























