Հայաստանի կառավարությունը օգոստոսի 26-ին կայացած նիստում հաստատեց օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ կառավարության ներսում առկա են իրարամերժ գնահատականներ։ Ըստ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, ով կառավարությունում ներկայացնում էր օրենսդրական փաթեթը, էականորեն կբարելավվի գործարար միջավայրը, կնվազեցվի հարկային հաշվետվությունների պարբերականությունը եւ թիվը։ Այսպես, ակցիզային հարկի վերաբերյալ ամսական հաշվետվությունների փոխարեն կներկայացվի եռամսյակային հաշվետվություն։ Կրճատվում են ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, ոչ ռեզիդենտների շահութահարկի, hաստատագրված վճարների, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների, ճանապարհային վճարի, հանրային ծառայությունների կարգավորման եւ այլ պարտադիր վճարների համար նախատեսված հաշվետվությունների քանակը: Սահմանվում է հաշվետվությունների ներկայացման միասնական ժամկետ՝ հաջորդող ամսվա 20-ը։
Այնուամենայնիվ՝ էկոնոմիկայի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծերին։ «Տվյալ փոփոխություններն ազդում են տնտեսվարողների փոքր հատվածի գործունեության վրա, էականորեն չեն նվազեցնում եւ չեն միասնականացնում տնտեսվարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները: Ներկայացված փաթեթը չի պարունակում բարձրացված խնդրի ամբողջական լուծում»,- նշված է էկոնոմիկայի նախարարության գրավոր տեղեկանքում։ Այնինչ ֆինանսների նախարարը պնդում է, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան էապես բարելավելու Հայաստանի դիրքերը Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող doing biznes զեկույցում, որտեղ 2010 թ. Հայաստանը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը՝ բիզնես վարելու դյուրինությամբ զիջելով Վրաստանին եւ Ադրբեջանին։




























