Լուսին թռած ամերիկացի տիեզերագնացների ավելի քան 8,4 հազար պարզորոշ լուսանկար է տեղադրվել համացանցում։ Լուսանկարները մատչելի են Flickr-ի  Project Apollo Archive էջում։

Ինչպես հաղորդում է The Verge-ը, կադրերն արվել են Hasselblad ֆոտոխցիկով ՆԱՍԱ-ի «Ապոլլո» ծրագրի շրջանակում։ Նշվում է, որ լուսանկարները հրապարակել է Կիպ Թիգը, որը դրանք հավաքել է 15 տարի շարունակ։

Պարբերականը ենթադրում է, որ այդ արխիվը դեռ կլրացվի, որովհետեւ դրանում բացակայում են «Ապոլլո»-ի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 13-րդ առաջադրանքների լուսանկարները, փոխանցում է Lenta-ն։

«Ապոլլո» ծրագիրն ընդունվել էր 1961 թվականին դեպի լուսին մարդու առաջին թռիչքի նպատակով։ Լուսնի վրա տիեզերագնացներ իջեցնելու վեց հաջող փորձ է կատարվել (վերջինը՝ 1972-ին)։ Ծրագիրը փակվել է 1975-ին։