Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, իրականացվող բարեփոխումները, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:

Անդրադառնալով երկկողմ ռազմական համագործակցությանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը նշել է, որ Հունաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերներից մեկն է եւ երկու երկրների ռազմական ու ռազմաքաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա:

Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զրույցի ընթացքում Օհանյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը կրթության, ռազմական բժշկության, հետախուզության եւ խաղաղապահության բնագավառներում:

Եվրոպական մերձեցման իր քաղաքականության մեջ Հունաստանը Հայաստանի առաջնային գործընկերներից է, եւ այս առումով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի համագործակցության զարգացումն ինչպես ռազմական-ռազմաքաղաքական, անվտանգության, այնպես էլ տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում: Բացի այդ, Հայաստանի համար Հունաստանի հետ հարաբերությունները կարեւորվում են նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում:

Այցի շրջանակներում հունական պատվիրակությունը եղել է նաեւ ՀՀ ՊՆ հատուկ նշանակության բրիգադում, որտեղ ցուցադրվել են հատուկ նշանակության զորքերի գործողություններին առնչվող մի շարք հնարքներ: