Հայաստանյան լաբորատոր ստենդները, որոնք արտադրում է «Ինտեգրատոր» ԲԲԸ-ն, արտահանվում են 60 երկրներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Վասպուր Մարգարյանը Երեւանում անցկացվող  DigiTec տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ընթացքում:

Ընկերությունը ուսումնական ստենդներ է արտադրում (հիմնականում՝ բուհական) ինժեներական մասնագիտությունների համար, այդ թվում ՝ էլեկտրատեխնիկայի, ալեհավաքների, սինխրոն եւ ասինխրոն շարժիչների  (այդ թվում՝ ծանրաբեռնվածությամբ), ինչպես նաեւ՝ նյութերի դիմադրության, մեխանիկական միացումների, դուրգամային եւ եռակցային միացումների ուսումնասիրման համար:  

Ստենդները կարելի է միացնել նաեւ համակարգչին, որի վրա հնարավոր է տեսնել եւ պահպանել պարամետրերը: 

«Մենք աշխատում ենք 2008 թվականից: Հիմնականում արտահանում ենք Ռուսաստան, բայց եղել են մատակարարումներ նաեւ Սաուդյան Արաբիա, Ֆիլիպիններ, Նոր Զելանդիա՝ հավանաբար նրա համար, որ անընդհատ նույն բանը չենք առաջարկում: Չէ՞ որ ներկայում կրթական ծրագրերն անընդհատ փոփոխվում են»,  - հավելել է նա: 

Ամենամյա DigiTec ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունն է (UITE):