Առայժմ վաղ է վերլուծել, թե ինչի հետ է կապված Արեւմուտքի չեզոք դիրքորոշումը Հարավային Կովկասում վերջին գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Մոսկվայի ազդեցության աճին տարածաշրջանում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնաական ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությունը, թե Գյումրիի ռազմակայանի կարգավիճակը միայն Հայաստանի եւ Ռուսաստանի գործն է:
«Այդ արձագանքից կարելի է եզրակացնել, որ կա'մ Ռուսաստանը գործել է ԱՄՆ-ի հետ փոխհամաձայնեցված, կա'մ Վաշինգտոնը, չկարողանալով վերահսկել գործընթացները Հարավային Կովկասում, փորձում է նման չեզոքությամբ չսրել հակասությունները Մոսկվայի հետ»,- ասել է փորձագետը եւ հավելել. «ԱՄՆ լռությունը կամ չեզոքությունը նշանակում է, որ կա'մ նա իրողությունների հետ հաշտվել է, կա'մ դա միայն ժամանակավոր ռազմավարություն է` պատասխան քայլերի մշակման ճանապարհին»:
Նշենք, որ օգոստոսի 25-ին ԱՄՆ պետդեպարտամնետի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, մեկնաբանելով Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձագման փաստը, ասել էր. «Ես կարծում եմ, որ դա միայն երկու երկրներին վերաբերող հարց է։ Իհարկե, ԱՄՆ-ը Հայաստանի հետ ամուր գործընկերային հարաբերություններ ունի, եւ մենք հուսով ենք, որ դրանք կշարունակվեն։ Իսկ Ռուսաստանը Մինսկի խմբի մաս է եւ այդ առումով կառուցողական դեր է խաղում»:



























