Հայաստանի կառավարությունը որոշել է ազատականացնել ավտոմեքենաների տեխզննման կարգը։ Ներկայում ավտոմեքենաների տեխզննում իրականացնելու իրավունք (արտոնագիր) ունեն 31 կայաններ։ Մինչ 2007 թ. դրանք գտնվում էին ճանապարհային ոստիկանության համակարգում, այնուհետեւ մասնավորեցվեցին։ Սահմանվել էր կարգ, ըստ որի, յուրաքանչյուր տեխզննման կետ սպասարկում էր որոշակի տարածք։ Սակայն տեխզննման կետերը հանրապետությունում շատ անհավասարաչափ են տեղաբաշխված։ Այսպես՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում գործում է ընդամենը 2 նման կայան, Վայոց Ձորում՝ մեկը։ Տեխզննման կայանների մեծ մասը գտնվում է Երեւանում, որը որոշակի դժվարություններ է ստեղծում մեքենաների սեփականատերերի համար։

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ցանկացած ոք այսուհետեւ կարող է դիմել տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ տեխզննում իրականացնելու արտոնագիր ստանալու համար։ Բացի այդ՝ վերացվում է տարածքային սահմանափակումը, յուրաքանչյուր ոք ազատ է տեխզննում իրականացնել այնտեղ, որտեղ ցանկանա։

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2009 թ. վերջի դրությամբ, տեխզննում է անցել 293 հազ. ավտոմեքենա։ Սակայն, ըստ տարբեր գնահատականների, հանրապետությունում կա 350-400 հազ. ավտոմեքենա։ Փաստորեն՝ յուրաքանչյուր 4 մեքենայից մեկը տեխզննում չի անցնում։ 

Տեխզննման վարձը կազմում է 8 հազ. դրամ (մոտ 21 դոլար), սակայն նախարարը նշեց, որ որոշ կայաններում լինում են չարաշահումներ, ավել գանձումներ։ Նրա կարծիքով՝ այդ 8000 դրամը բավարար չի տեխզննման ծառայության համար։

Թեեւ տեխզննման գործընթացը ազատականացվել է, քիչ հավանական է, որ շատ տնտեսվարողներ ցանկանան զբաղվել բիզնեսի այդ տեսակով, որը համարյա ամբողջությամբ գտնվում է բարձրաստիճան ոստիկանների տրամադրության ներքո։ Բացի այդ՝ տեխզննման կայան բացելու համար հարկավոր է հատուկ, արտասահմանյան սարքավորում տեղադրել, որը բավական թանկ արժե։