Լույս աշխարհ է եկել առաջին աֆղանական նավթը: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել են այդ երկրի բնական պաշարների նախարարությունից: Աֆղանստանի իշխանությունները մտադիր են մեկ օրում արդյունահանել շուրջ 800 բարել նավթ: Մոտ ժամանակներս կառավարությունը մտադիր է մրցույթ հայտարարել այդ նավթի վերամշակման համար:
Նավթի, գազի եւ այլ օգտակար հանածոների արդյունահանման օգնությամբ Աֆղանստանը հույս ունի նվազեցնել իր ֆինանսական կախվածությունը Արեւմուտքից, հաղորդում է Reuters-ը: Երկրի ներկա վարչակազմը դեռեւս կախված է միջազգային (հիմնականում ամերիկյան) ֆինանսական ներարկումներից, ինչպես նաեւ այդ երկրում գտնվող ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի շուրջ 150 հազար զինծառայողներից:
Պարզվում է, որ Աֆղանստանը հարուստ է օգտակար հանածոներով: Տարբեր գնահատականներով, դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1-3 տրիլիոն դոլար, որի մեջ մտնում է եւ նավթը, եւ գազը, եւ պղինձը եւ այլն:
Սակայն այդ հարստությունները մնում են չօգտագործված, քանի որ ներդրողներին վախեցնում է պարբերաբար կրկնվող պատերազմները, անկայունությունը: ներկայումս չինական Jiangxi Copper Co եւ China Metallurgical Group Corp. ընկերությունները համաձայնել են Աֆղանստանում աշխատել մետալուրգիական ոլորտում, որոնք երկուսն էլ պղինձ են արդյունահանում Քաբուլի մոտ:



























