Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի (Մարտունու շրջան) մոտ գտնվող ռեստորանային համալիրում 22-ամյա Վարդան Խալոյանին կախված են գտել:  
NEWS.am-ի տեղեկություններով, մահացածը նույն գյուղի բնակիչ է: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Այդ օրն առավոտյան Վարդանը գնացել է Լիճք գյուղի ճամփեզրին գտնվող, իրենց ընտանիքին պատկանող «Եղեգնուտ» ռեստորանային օբյեկտ, որը արդեն մի քանի ամիս է չի աշխատում: Նա մտադիր է եղել սեպտեմբերից կրկին աշխատեցնել ռեստորանը:

Երբ մինչեւ կեսօր Վարդան Խալոյանը տուն չի վերադարձել, նրա ընտանիքի անդամներն անհանգստացել են եւ Վարդանի հետեւից գնացել «Եղեգնուտ» օբյեկտ: Հենց այստեղ էլ իրենց որդուն տեսել են կախված վիճակում:

Դիակի դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել եւ արդյունքները չեն հրապարակվել: Այսօր` օգոստոսի 26-ին Վարդան Խալոյանի մարմինը տուն են տարել, հուղարկավորությունը կկայանա վաղը:

Չնայած այն հանգամանքին, որ Վարդանը գյուղի մեծահարուստ ընտանիքից էր (նրա հայրը Ռուսաստանում գործարար է), համագյուղացիների վկայությամբ, նա շատ համեստ ու խելոք տղա է եղել:

Ի դեպ, 10 օր առաջ նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ նույն մարզի Վարդաձոր գյուղում: Այստեղ իրեն կախել է 14 տարեկան մի տղա, որի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջում: Գյուղում տարածված մի վարկածի համաձայն, նա գյուղում իրենց պատկանող փոքր խանութից 50 հազար դրամ գումար է վերցրել: Պապը սպառնացել է, թե ծնողներիդ կասեմ, նա էլ վախից դիմել է նման քայլի: Այս գործը ներկայումս դատախազությունում է: