Չիլիի հեռուստատեսությամբ ցուցադրել են կադրեր, որտեղ երեւում են արդեն 3 շաբաթ հանքահորում փակված հանքագործները: Ինչպես հաղորդում է AFP-ը, 45 րոպեանոց տեսանյութում հանքափորները պատմում են, թե ինչպես են կազմակերպում իրենց կյանքը` սպասելով օգնության:

Այս տեսանյութն առաջինը տեսել են հանքափորների ընտանիքի անդամները, որից հետո միայն եթեր է հեռարձակվել: Հանքափորների համար պարբերաբար ուտելիք են իջեցնում հանքահոր:

Հանքափորներին փրկելու կառավարության նախատեսած գործողությունը կարող է տեւել 3 ամիս: Մասնագետները մտադիր են հատուկ սարքի միջոցով անցք բացել, որի միջոցով հանքափորները կկարողանան դուրս գալ ու վերեւ բարձրանալ: Առայժմ դա հնարավոր չէ անել, քանի որ դա կարող է նոր փլուզման հանգեցնել` վտանգելով հանքափորների կյանքը:

Գետնի տակ փակված հանքափորներին չեն հայտնել իրենց ազատելու նույնիսկ մոտավոր ժամկետ, բայց խոստացել են որ նրանք Ծննդյան տոներին (դեկտեմբերի 25-ին) կլինեն տանը:

Նշենք, որ արդեն երեք շաբաթ է, որ 33 հանքափորներ գտնվում են 700 մ խորության տակ: Առաջին 17 օրը նրանք ստիպված են եղել սնվել իրենց մոտ եղած աղքատիկ սննդով, որից հետո նրանց հայտնաբերել են: Հանքահոր են իջեցրել տեսախցիկը եւ տեսանկարահանել հանքափորներին: Նախատեսվում է, որ մոտ ժամանակներս հանքափորներին կփոխանցեն ֆուտբոլի աստղերի մրցելույթներով ձայնագրություններ, հաղորդում է Lenta.ru-ն: