Վրաստանի ընդդիմության առաջնորդների մեկը` Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է դիմել Հաագայի դատարան` Սահակաշվիլիին քրեական պատասխանատվության ենթարկելու հայցով` վրաց-աբխազական եւ վրաց-օսական պատերազմների ժամանակ նրա կողմից կատարված հանցագործությունների համար: Հաղորդում է «Իմեդի» հեռուստատեսությունը:
«Մենք հայցը ներկայացնում ենք, որովհետեւ պահանջում ենք ձերբակալել եւ դատել Սահակաշվիլիին: Երկրի նախագահը մի շարք ծանրագույն միջազգային հանցագործություններ է գործել: Նա փլուզել է երկիրը, հաստատել բռնապետություն, կործանել բազմաթիվ կյանքեր»,- ասել է նա:
Նաթելաշվիլին ուշադրություն է հրավիրել «վրացական ռեժիմի ամենաթողության վրա, որը տեղի է ունենում մի շարք եվրոպական երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի թողտվությամբ»: Լեյբորիստների առաջնորդը հանդես է գալիս Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ունենալու օգտին եւ այդ երկիրը համարում է Վրաստանի կարեւորագույն քաղաքական գործընկերը:



























