Բաքուն, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում նախաձեռնելով «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումը, հաշվարկ է արել, թե Արեւմուքը տարածաշրջանում ձեւավորված իրավիճակի պատճառով կգործի ի վնաս Հայաստանի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան սաֆարյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 9-ին քվեարկվելիք բանաձեւը:
Նրա խոսքով, Բաքուն հույս ունի, որ Արեւմուտքը կընդունի փաստաթուղթը եւ կպատժի Հայաստանին ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման պայմանագրի համար: Սակայն, ըստ փորձագետի Բաքվի այդ հաշվարկը չարդարացավ, քանի որ Արեւմուտքի լռությունը վերջին գործընթացների կապակցությամբ, վկայում է, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան մտադիր չեն դիմադրել:
Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ը, ըստ պատգամավորի, պետք է զերծ մնա նախկին սխալների կրկնությունից: «Պաշտոնական Երեւանը պետք է հստակ հասկացնի ՄԱԿ-ին, որ չի հանդուժի տարբեր բանաձեւերի ընդունումը միայն Ադրբեջանի քմահաճույքով»:
Նշենք, որ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծում, որը ներկայացվելու է սեպտեմբերի 9-ին, մասնավորապես խոսք է գնում «ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդագրական պատկերի փոփոխության անթույլատրելիության, փախստականների վերադարձման անհրաժեշտության եւ դրա համար համապատասխան պայմանների ստեղծման, մշակույթի հուշարձանների եւ սրբավայրերի ոչնչացման անթույլատրելիության մասին»:



























