Ադրբեջանում հակառուսական եւ հակաարեւմտյան հերթական հիստերիան է սկսվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբկացության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությունը:
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան արդեն որերրոդ անգամ ընդունում է իր երկրի արտաքին քաղաքական կուրսի ձախողումը՝ խոստովանելով, որ Հայաստանի դիրքերն ուժեղանում են, եւ Ռուսաստանն ու Արեւմուտքը պաշտպանում են Հայաստանին»,- նշել է Շարմազանովն ու հավելել. «Մի բան կարելի է ասել, որ Ադրբեջանում հակառուսական եւ հակաարեւմտյան հերթական հիստերիան է սկսվել եւ գործը հասել է նրան, որ Մամեդովը բացահայտ մեղադրում է Արեւմուտքին Հայաստանին պաշտպանելու մեջ,: Այնքան է շոկի մեջ ընկել, որ կասկածի տակ է դնում Ռուսաստանի միջնորդական առաքելության անաչառությունը: Այս ամենը վկայում է, որ ադրբեջանցիները իրենք են խոսում, ընդունում, որ ձախողվել են»:
Հիշեցնենք, որ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Ադրբեջանը անհանգստացած չէ Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման փաստով: Նա նշել էր նաեւ, թե Բաքուն զարմացած է միջազգային հանրության դիրքորոշումից, որ հստակ մոտեցում չցուցաբերեց: Մամեդովը հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին նման օգնություն ցուցաբերելը հակասում է միջազգային օրենքներին, իսկ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի կարող անաչառ միջնորդ լինել:



























