Ռուսաստանը Հարավային Կովկասում իր քաղաքականությունը չի կառուցելու՝ ելնելով Հայաստանի շահերից: Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ, հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով, Ռուսաստանն ունի իր նպատակները, որոնք հետեւողականորեն իրականացնում է:
«Ռուսաստանը ձգտում է լրջորեն հիմնվել տարածաշրջանում եւ օգտագործում է դրա համար իր բոլոր հնարավորությունները, մի կողմից աջակցելով իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, մյուս կողմից՝ ազդեցություն բանեցնելով Ադրբեջանի վրա»,- նշել է Ջամալյանը՝ հավելելով, որ նման վարքը լիովին բնական է:
Ասուլիսի մյուս բանախոս, «Նորավանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանն էլ ասել է, թե Հայաստանում Ռուսաստանի վարկը պետք է փոքր-ինչ «կարգի բերել»: «Ռուսաստանն այն երկիրն է, որն իր պատմության ընթացքում 22 պատերազմ է մղել Թուրքիայի դեմ, միակ երկիրը, որ Հայաստանում գերեզմաններ ունի: Պետք է հաշվի առնել դա»,- ասել է Հարությունյանը:



























