Հայաստանը պետք է առավելագույն օգուտներ քամի գործընկերների, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններից: Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ, հոգեբան Դավիթ Ջամալյանը՝ նկատելով, որ դա Հայաստանի մոտ ստացվում է: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման պայմանագրի ստորագրումը լուրջ ավանդ է ուժերի հավասարակշռություն ապահովելու գործում:
«Ադրբեջանական քարոզչական մեքենան բոլոր ջանքերը գործադրում է, որ իր հանրությանը համոզի, թե ստորագրումից հետո ոչինչ չի փոխվի: Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Հայաստանի անվտանգությունը, եւ դա լրջորեն իջեցնոմ է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- նկատել է հոգեբանը՝ հավելելով, սակայն, որ չի կարելի լիովին բացառել նման հնարավորությունը:
«Նորավանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանն իր հերթին նշել է, թե համաձայնագիրը թույլ կտա հայկական բանակը սպառազինել ժամանակակից զենքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, իսկ հայկական կողմից` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»:



























