Վերջին շրջանում, Թուրքիայում, Հրանտ Դինքի սպանության հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից առաջ, սկսված բուռն քննարկումներին արձագանքել է Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը։
Թուրքական Cumhuriyet-ի հարցերին պատասխանելիս, Ֆեթհիյե Չեթինը նշել է, թե թուրքական իշխանությունները խոսում են Դինքի ընտանիքի հետ փոխհամաձայնեցված եւ բարեկամական որոշման մասին, սակայն դեռեւս ոչ մի թուրք պաշտոնյա պատասխանատվություն չի կրել Հրանտ Դինքի սպանության համար, քանի որ նույնիսկ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ թուրքական իշխանությունները ոչինչ չէին ձեռնարկել Դինքին պաշտպանելու համար։
Ըստ Ֆեթհիյե Չեթինի՝ թուրքական իշխանությունների՝ Եվրադատարան ուղարկած եւ Դինքին Հիտլերին նմանեցրած պաշտպանական ճառից հետո, դեռեւս Դինքի ընտանիքը պետական որեւէ պաշտոնյայից առաջարկ չի ստացել, սակայն ստանալու դեպքում էլ փոխհամաձայնության չի գնա եւ կսպասի դատարանի որոշմանը:
Ֆեթհիյե Չեթինը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դինքի սպանության գործով որոշումը կհայտնի սեպտեմբերի 14-ին։
Նշենք, որ Դինքի ընտանիքը դիմել է Եվրադատարան՝ պահանջելով արդարացնել Հրանտ Դինքին, ում թուրքական դատարանը մեղավոր էր ճանաչել թուրքական խայտառակ 301 հոդվածով, ինչպես նաեւ Դինքի ընտանիքը պահանջում է Թուրքիային մեղավոր ճանաչել «Ակոսի» խմբագրին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննության ընթացքում պարզ էր դարձել, որ թե' ժանդարմերիան, թե' ոստիկանությունը տեղյակ են եղել նրա դեմ նախապատրաստվող սպանությանը։
Թուրքական կառավարությունն, այդքանից հետո, Եվրադատարան է ուղարկել մի պաշտպանական ճառ, որտեղ Հրանտ Դինքին համեմատում է նեոանցիստի հետ։
Օրեր առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց, թե այդ խայտառակ ճառը հետ է կանչվելու եւ փորձելու են հաշտության գնալ Դինքի ընտանիքի հետ։



























