Իրանի փոխնախագահ Համիդ Բաղայիի հայտարարությունը, որով նա 1915-ի դեպքերը որակում է որպես ցեղասպանություն, խոսում է այն մասին, որ Իրանի դիրքորոշումն այդ հարցում կապված է ոչ թե Թուրքիայի հետ նույն կրոնը դավանելու, այլ պատմական արդարության սկզբունքի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Ողջունելով այդ հայտարարությունը, Ալավերդյանն ընդգծեց, որ այն, սկզբունքորեն, այնքան էլ չի հակասում պաշտոնական Թեհրանի դիրքորոշմանը: «Ճիշտ է, մինչ օրս Իրանի պաշտոնյաները հանդես չէին եկել նման ուղղակի հայտարարություններով, սակայն Թեհրանը երբեք մերժողական ագրեսիվ քաղաքականություն չի վարել: Դա Թեհրանի հավասարակշռված քաղաքականության արդյունքն է»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ սրա արմատները պետք է փնտրել պատմական հարթության մեջ, հաշվի առնելով Թուրքիայի եւ Իրանի միջեւ բազմադարյան հակամարտությունը:
Նշենք, որ Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային հայտարարել է, որ մոտ 100 տարի առաջ 1915-ին Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ, ու թեեւ հիմա Օսմանյան կառավարությունը չկա, սակայն Հայաստանը պահանջում է, որպեսզի Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցի կատարվածի համար:



























