Նախօրեին Սեւան-Դիլիջան թունելում տեղի ունեցած ավտոբուսի հրեդհման արդյունքում վիրավորված երեք անձանցից մեկի՝ Նունե Աղաբեկյանի վիճակի ծայրահեղ ծանր է: Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտահետազոտական կենտրոնի այրվածքային բաժնի վարիչի պաշտոնակատար Կարինե Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ 27-ամյա Նունե Աղաբեկյանը ներկայումս գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում: «Նունե Աղաբեկյանը շնչուղիների այրվածք է ստացել: Այրվածքների մակերեսը 53 եւ ավելի տոկոս է կազմում: Խորն են բոլոր վերքերը: 2-րդ, 3-րդ աստիճանի վերքային մակերես է»,- նշեց բժիշկը: Հարցին, թե Նունե Աղաբեկյանի փրկության ի՞նչ հույսեր կան, բժիշկը պատասխանեց. «Բժիշկը միշտ աշխատում է հույսով»:

Ծանր է նաեւ մյուս վիրավորների վիճակը: «Գարիկ Մկրտչյանի այրվածքների մակերեսը 30 տոկոս է, իսկ Կամո Շաբոյանը ստացել է 20 տոկոս այրվածքներ, կրկին վնասվել են նրա վերին շնչուղիները»,- ասաց Կարինե Բաբայանը: Այրվածքաբանության բաժնի վարիչի պաշտոնակատարը նաեւ նշեց, որ վիրավորներին լամպասային կտրվածքներ են արվում, որ վերջույթները սեղմվեն, ազատվեն: Երեքին էլ շատ ակտիվ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց լիտրերով հեղուկներ են տրվում, որ կորուստները փոխհատուցվեն:

Հիշեցնենք, որ , Սեւան-Դիլիջան ավտոմայրուղու թունելում օգոստոսի 26-ին՝ ժամը 16-ի սահմաններում հրդեհվել էր «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը: Հրդեհի հետեւանքով 28-ամյա Քրիստինե Վանյանն ու 1-ամյա Սուրիկ Մկրտչյանը տեղում մահացել էին, իսկ վարորդը՝ 39-ամյա Գարիկ Մկրտչյանը, ուղեւորներ Կամո Շաբոյանն ու Նունե Աղաբեկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտահետազոտական կենտրոն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի