Մի քանի երիտասարդներ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ 4-րդ վարչության կողմից եւ տեղափոխվել Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Գլդանի» տխրահռչակ բանտ: Նրանց ձերբակալել են սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Հարազատների խոսքով, բոլոր ձերբակալվածներին առաջարկել են ազատվել առանց «դատ ու դատաստանի»՝ Վրաստանի բյուջե մուծելով 5-25 հազար դոլար, գրում է «Ռոսսիյսկայա գազետան»:

Պարբերականը նշում է, որ Վրաստանում Սահակաշվիլիի օրոք միջազգային իրավական պրակտիկայի  մեջ ապշեցուցիչ նորամուծություն է արվել: «Բանտից պաշտոնապես կարելի է ազատվել գումարով. Կա’մ նստիր, կա’մ գնա խնայբանկ՝ փող մուծելու»:

ԱՊՀ քաղաքացիները, բացառությամբ հայաստանցիների եւ ռուսաստանցիների, կարող են վարչական, անգամ քրեական հանցագործությունների համար պատասխանատվությունից  ազատվել` վճարելով:

2008թ. հոկտեմբերին Սահակաշվիլին ստորագրել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը: Դրա դրույթների մեջ կա կետ, որը վերաբերում է ֆիզիկական անձանց: Օրենքով արգելվում է Աբխազիայի տարածք մտնել այլ կերպ, քան Զուգդիդիից, իսկ Հարավային Օսիա՝ քան Գորիից:

Մինչ այս ամառ ամեն ինչ սահմանափակվում էր Վրաստան մուտքը արգելելով: Սակայն վերջերս Վրաստանի ՆԳՆ-ն, որը գտնվում է վրացական «գորշ կարդինալ» Վանո Մերաբիշվիլիի ազդեցության տակ, ոչ թե պարզապես վտարում, այլ ձերբակալում է Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներին՝ նրանց մեղադրելով օրենքի խախտման մեջ: Ընդ որում, դրա համար ազատազրկումը բավական լուրջ է 2-4 տարի:

Ռուսաստանցիների հետ ամեն ինչ պարզ է, բայց ինչո՞ւ հայերը: «Ռոսսիյսկայա գազետային» Վրաստանի աղբյուրները հայտնել են, որ Սահակաշվիլին զայրացած է Հայաստանի վրա, որը հայտարարել է, թե Ռուսաստանն իր գլխավոր ռազմավարական գործընկերն է: Վրաստանի նախագահը բառացիորեն կատաղել է հայկական իշխանությունների որոշումից՝ երկարաձգել ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը: