Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պարտականությունները նոր ստանձնած Ըշըք Քոշաները հայտարարել է Թուրքիայում զինվորական ոլորտում սպասվող փոփոխությունների մասին։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերում մշակվում է նոր նախագիծ, որի համաձայն, պարտադիր զինվորական ծառայությունը բոլորի համար պետք է լինի 9 ամիս։ Այսուհետ բանակ զորակոչվածները 20-30 օրվա ընթացքում կստանան նախնական պատրաստվածություն, ապա երդումից հետո կանցնեն 45-օրյա զենքի օգտագործման ուսուցում եւ նոր միայն կուղարկվեն ծառայության վայրեր։
Նշենք, որ ներկայումս Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայությունը 15 ամիս է։ Բարձրագույն կրթություն ստացածները ծառայում են 12 կամ 6 ամիս։ Իսկ արտասահմանում աշխատողները վճարում են 5 հազար 112 եվրո եւ անցնում 21-օրյա ծառայություն։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին եւս 21 օր ծառայել է, քանի որ աշխատում է Նյու Յորքում՝ Համաշխարհային բանկում։



























