Իրանի փոխնախագահը պաշտպանել է համամարդկային արժեքները՝ մի կողմ թողնելով կրոնական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական սկզբունքները եւ բարձրաձայնելով հայոց ցեղասպանության մասին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել կառավարող հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ մեկնաբանելով Իրանի փոխնախագահ Համիդ Բաղայիի հայտարարությունը, թե Օսմանյան կայսրությունը մոտ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանություն է իրականացրել:

«Նա արժանի է միայն դրվատանքի: Ճշմարտությունը չի կարելի թաքցնել, դրա մասին պետք է հայտարարել, ինչն էլ արել է Իրանի պետական գործիչը»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Բաղայիի հայտարարությունը՝ Մինասյանը պատասխանել է, որ ցանկացած դեպքում չի կարելի գերագնահատել այն: «Դա իսլամական մի երկրի բարձրաստիճան անձի հայտարարություն է մյուս իսլամական երկրի հասցեին, որ փորձում է  մրցակից լինել մահմեդական աշխարհում առաջնորդության հասնելու հարցում: Հետեւանքները կլինեն այն ժամանակ, երբ ողջ աշխարհը ճանաչի պատմական ճշմարտությունը»,- նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային հայտարարել է, թե Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915թ. ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ, եւ թեեւ Օսմանյան կայսրությունն այժմ չկա, Հայաստան պնդում է, որ Թուրքիան ներողություն խնդրի եւ փոխհատուցում վճարի: