Վերջերս իսրաելական Izrus.co.il կայքը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Իսրայելի «Էլ-Ալ», Ռուսաստանի UTair, Ուկրաինայի «Աէրոսվիթ» եւ Հայաստանի «Արմավիա» ավիաընկերությունները հայտարարագիր են ստորագրել միջազգային ավիամիություն ստեղծելու մտադրության մասին, որը պետք է ստանա WE (Western-Eastern) անվանումը։ Հաղորդվել է նաեւ, որ կողմերը պատրաստվում են առաջիկայում լիաֆորմատ համաձայնագիր կնքել, որին կարող են միանալ նաեւ ԱՊՀ-ի եւ Արեւելյան Եվրոպայի այլ ընկերություններ։ Համաձայնագրին միացող ընկերությունները կարող են օգտվել միմյանց ինքնաթիռներից, ստեղծել տեխսպասարկման միասնական համակարգ, միասին գնել նոր ինքնաթիռներ ցածր գներով եւ այլն։

Այս հրապարակումից հետո ուկրաինական «Աէրոսվիթ» ընկերությունը հերքեց ե’ւ նման միությանը անդամագրվելու մտադրությունը, ե’ւ ընդհանրապես՝ որեւէ հայտարարագիր ստորագրելու փաստը։

NEWS.am-ը փորձեց նաեւ «Արմավիայից» տեղեկանալ, թե իսրայելական կայքում տեղակայված տեղեկատվությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։ Պարզվեց, որ «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում չէ, սակայն ընկերության մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ նա նախկինում եւս այդ մասին հրապարակավ արտահայտվել է եւ այս պահին կարող է միայն վերահաստատել նախկինում կատարած իր հայտարարությունները։ Այն է՝ այդ ուղղությամբ իրոք բանակցություններ տարվում են, բայց դա դեռեւս կատարված փաստ չէ։ «Իրավիճակն ավիաշուկայում այնպիսին է, որ ընկերությունների մի մասը սնանկանում է, մյուսները միաձուլվում են, որպեսզի վերապրեն։ Առանց միավորման դժվար է դիմանալ մրցակցությանը։ Խոսք է գնում համագործակցության մասին, որտեղ գլխավորը մեկը մյուսին օգնելու հնարավորությունն է, տեխսպասարկման համատեղ համակարգի ստեղծումը եւ չվերթների համալրումն ուղեւորներով»,- նշված է «Արմավիայի» մամլո ծառայության հաղորդագրության մեջ։