Հայաստանի խորհրդարանի խոսնակը լավ կազմակերպիչ է, օժտված է մենեջմենթի բնածին ընդունակություններով եւ շատ փող ունի։ Օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանի հասցեին մնան գովեստներ է շռայլել հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, հավելելով, սակայն, որ ինքն ուրիշի փողերը չի հաշվում։

«Ես շատ եմ աշխատել Աբրահամյանի հետ։ Հիշում եմ, երբ նա ղեկավարում էր գինու գործարանը, միշտ էլ սեփականություն է ունեցել։ Ես Հովիկ Աբրահամյանին գիտեմ որպես լավ կազմակերպչի, մանավանդ, երբ խոսքը գնում է գյուղատնտեսության մասին»,- նշել է Ալեքսանյանը։

Հարցին, թե իրավունք տալի՞ս է սա Հ. Աբրահամյանին մի քանի հազար հա հող ունենալ Արարատյան դաշտավայրում, պատգամավորը պատասխանել է. «Որտեղի՞ց իմանամ, թե քանի հա հող ունի Աբրահամյանը։ Ես չգիտեմ, միայն գիտեմ, որ օրենքը չի արգելում դա, եթե, իհարկե, դա արվում է օրենքի շրջանակներում»։

Ալեքսանյանն անկեղծացավ նաեւ հայ օլիգարխների մասով, խուսափելով, սակայն, անուններ տալ։ «Օլիգարխների մեջ կան այնպիսինները, իրենք իրենց ապրուստը վաստակել են արյուն-քրտինքով։ Իհարկե, ես չեմ խոսում առաջին միլիոնի մասին։ Կան նաեւ այնպիսինները, ովքեր ապրում են պետական միջոցների եւ կաշառակերության հաշվին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իր ունեցվածքին, պատգամավորը նշեց, որ ինքն Արարատում 3 հա հող ունի։ «Ընդհանուր առմամբ, իմ ընտանիքին է պատկանում 5-6 հա հող։ Մենք այնտեղ ծիրան ենք աճեցնում»,- ամփոփեց պատգամավորը։