Բելառուսը երկրորդ անգամ մերժել է Ղրղըզստանին հանձնել այդ երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին, ով իր հայրենիքում մեղադրվում է պետական ծանր հանցագործությունների մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ղրղըզստանի գլխավոր դատախազ Բայթեմիր Իբրաեւը տեղեկացրել է, որ մտադիր է կրկին նույն հացումով դիմել Մինսկի իր գործընկերներին, ինչպես նաեւ «այլ միջոցների», որպեսզի Բակիեւը ենթարկվի պատասխանատվության:
Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլին Ղրղըզստանում պետական հեղաշրջում է տեղի ունեցել, որի արդյունքում իշխանությունն անցել է ժամանակավոր կոալիցիոն կառավարությանը: Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը լքել է երիրը եւ ապաստան գտել Բելառուսում: Նա զրկվել է նախկին նախագահների համար նախատեսված անձեռնմխելիությունից:
Բակիեւը մեղադրվում է իշխանությունն ուզուրպացնելու եւ այլ պետական ծանր հանցագործությունների մեջ: Երկրի նոր իշխանությունները պահանջել են հանձնել Բակիեւին, սակայն պաշտոնական Մինսկը մերժել է այդ պահանջը:




























